• Fri. May 10th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Սա հանցագործ խմբավորում է, որի մեջ մտնում է նաև քաղաքապետարանը». Ասուլիսից հետո Կինոյի տան բակում միջադեպ եղավ

ByEditor

Jul 27, 2022

Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանը անտեսում են Վարչական դատարանի որոշումը, որով կասեցվել է Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

Հակառակ մայիսին կայացված դատական ակտին, շինարարությունը շարունակվում է, մասնավորապես՝ բետոնապատման աշխատանքները, որի ընթացքում կատարվել է նաև ծառահատում. «Երեկ ես քաղաքապետին պատահական տեսա Կինոյի տանը, եկել էր Միքայել Պողոսյանի ֆիլմը նայելու, ասացի, որ դա հանցագործություն է, և դուք իրավունք չունեք նման վատ հետք թողնել պատմության մեջ, երբ Մալյան թատրոնի, կինոմիության, կինոթանգարանի, ֆիլմադարանի կողքին կառուցում եք մի աղտոտ գարեջրատուն: Եթե կառուցապատողը նորմալ մարդ լիներ, ունենալով գարեջրատների մեծ ցանց, չէր պնդի, որ այս մշակույթի կենտրոնում կառուցվի ևս մեկ գարեջրատուն, հայտարարի, որ մեզ այստեղից հեռացնելու են: Ցավոք, մշակութային օջախները մեծ հարվածի տակ են, որովհետև մարդիկ մտածում են, թե մշակութային օջախները շատ շտապ պետք է վերածել կաֆեների և ռեստորանների»,- ասաց Կինոգործիչների միության նախագահը:

Հարություն Խաչատրյանի խոսքով, քաղաքապետարանը պետք է երջանիկ լիներ, որ քաղաքում կա նման հնարավորություն, բայց շատ տգեղ միջոցներ է ձեռնարկել, որովհետև պաշտպանում է բակում գարեջրատուն կառուցող հանցագործներին` կեղծված փաստաթղթերով:

Նա ընդգծեց, որ իրենք իրավական բոլոր հիմքերն ունեն հաղթած համարվելու համար. «Մենք չենք լռելու, կինեմատոգրաֆիստները պատրաստ են միջազգային բոլոր իրավաբանական հիմնարկներով անցնել, որովհետև սա հանցագործություն է նման լուրջ կենտրոնի հանդեպ: Արդեն 4-5 տարի է` մեծ ներդրումներ ենք անում, բարձիթողի մնացած Կինոյի տունը դարձել է լուրջ միջազգային մշակույթի կենտրոն»:

Կինոգործիչների միության նախագահն ասաց, որ նամակ են ուղղել ՀՀ վարչապետին, որն իրենց վերջին հույսն է. «Մենք այսքան պայքարում ենք, բայց արի ու տես, որ քաղաքապետը գրավոր դիմել է գործը կարճելու համար, ինչը նշանակում է թույլ տալ, որ գարեջրատուն կառուցողներն անեն ինչ ուզում են»:

Կինոգործիչների միության նախագահը փաստում է. «Եթե մենք չենք կարողանում մեր տան մեջ մեր մշակութային օջախները պաշտպանել, այդ դեպքում օտարներից ի”նչ պահանջել»:

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանն էլ հավելեց. «Այսքանից հետո ոչինչ չի կասեցվում, ի՞նչ անենք, վեր կենանք գնանք ինքնահրկիզում անե՞նք, ծայրահեղ միջոցների դիմենք: Մարդկանց ուշադրությունը գրավելու համար ամիսը մեկ ասուլիս ենք հրավիրում, աղմուկ ենք բարձրացնում, ինչքա?ն կարելի է այսպես շարունակել»:

Ասուլիսից հետո, երբ լրագրողներին հրավիրեցին Կինոյի տան ներքին բակ՝ ցույց տալու արդեն բետոնապատած տարածքը, տեղի ունեցավ միջադեպ։

«Հենց հիմա լքեք տարածքը, սա իմ սեփական տարածքն է և շինարարությունն էլ կասեցված չի»,- բարձր տոնով դիմեց կինոգործիչներին սեփականատեր ներկայացած Հրաչյա Ատոմյանը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կդիմի ոստիկանություն։

Երբ Կինոգործիչների միության փաստաբանը փորձեց ապացուցել, որ ըստ դատարանի որոշման՝ դա իրենց տարածքն է, սեփականատեր ներկայացող անձը ցույց տվեց մեկ այլ որոշում, ըստ որի շինարարությունը կասեցված չի, որի մասին, պարզվում է, փաստաբանը չգիտեր։

«Կարծում եմ՝ համոզվեցիք, որ սա հանցագործ խմբավորում է, որի մեջ մտնում է նաև քաղաքապետարանը»,- միջադեպից հետո լրագրողներին ասաց Հարություն Խաչատրյանը։

Նրա բառերով՝ մնում է միայն դիմել միջազգային ատյանների, քանի որ այլևս հույս չունի, որ քաղաքապետարանը ուշքի կգա, քանի քաղաքապետը նույնն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *